ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Աշոտյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30-31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան»,- նշել է նա։
Աշոտյանը հայտնել է, որ պատրաստ է տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին, միասնական ազգային և պետական շահերին։
«Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»,- եզրափակել է Աշոտյանը։