ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 00։10-ի սահմանում։
Նշված վայրի բնակիչ՝ 27-ամյա Սուսաննա Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին ընկերն իրենց բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է։
Սուսաննա Ս.-ն ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել կրակված պարկուճներ։
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Ս.-ի նախկին ընկերը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արման Կ.-ն է։ Նա BMW մակնիշի ավտոմեքենայի միջից ինքնաձիգից կրակոցներ է արձակել։
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ։ Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Կիրակոսյանը կարճ ժամանակում ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։
Կիրակոսյանը ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի Ա. Կիրակոսյանը իրենց ներկայացնի հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։