ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2764) երկուշաբթի սկսում է խաղը Altibox Norway Chess 2018 գերմրցաշարում։ Միջոցառումն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 8-ը Նորվեգիայի Ռուգալան վարչական կենտրոնում։
Լևոն Արոնյանի առաջին հակառակորդը կդառնա հնդիկ Վիշվանաթան Անանդը (2760)։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:30-ին։ Արոնյանը հաջորդ տուրերում հերթով կպայքարի ամերիկացի Ուեսլի Սոյի (2778), նորվեգացի Մագնուս Կարլսենի (2843), ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի (2808), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2789), ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի (2822), ռուս Սերգեյ Կարյակինի (2782), չինացի Դին Լիժենի (2791) և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Նշենք, որ նախօրեին Norway Chess 2018-ում բլից շախմատի փոքր խաղարկություն անցկացվեց, որում Արոնյանը 9 հնարավոր միավորից 3 միավոր վաստակեց և վերջին տեղը կիսեց Ուեսլի Սոյի հետ։ Նա սևերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, սպիտակներով` ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին, երկու պարտիա ոչ-ոքի խաղաց և պարտվեց մյուս բոլոր խաղերում։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Altibox Norway Chess-ի գործող չեմպիոնն է։ 2017 թվականին նա 9 հնարավոր միավորներից հավաքեց 6 միավոր և առաջին տեղը զբաղեցրեց։ Սակայն 2018 թվականին գրոսմայստերի գործերն առանձնապես հաջող ընթացք չունեցան. նա անհաջող ելույթ ունեցավ Grenke Chess Classik գերմրցաշարին` զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ հավակնորդների մրցաշարում պարտվեց` զբաղեցնելով վերջին հորիզոնականը։ Երկու այդ մրցաշարերում հաղթեց ամերիկացի շախմատիստ, 25-ամյա Ֆաբիանո Կարուանան։
Norway Chess 2018-ը աշխարհում ուժեղագույն շախմատային մրցաշար է համարվում։ Եթե մրցաշարի հիմնական փուլից հետո հաղթողին որոշել չհաջողվի, թայ բրեյք է անցկացվում։ Ստավանգեր քաղաքը, որտեղ անցկացվում է մրցաշարը, գտնվում է Նորվեգիայի Ռուգալան վարչական կենտրոնում։