ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ գործընթացի խաղաղ կարգավորման համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»,- ասաց Մնացականյանը։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հավաստիացրեց, որ ֆրանսիական կողմը վճռական է իր միջնորդական առաքելությունը շարունակելու հարցում։
«Ինչպես պարոն Մնացականյանն ասաց իր ելույթում` մենք լիովին համամիտ ենք այս հարցում` ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն»,- ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։
Լը Դրիանը հպարտությամբ հայտնեց, որ առաջին քաղաքական անձն է, ով հեղափոխությունից հետո պաշտոնական այցով Հայաստան է ժամանել։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին` ֆրանսիացի պաշտոնյան ընդգծեց այն պատասխանատվությունը, որ այդ օրերին դրսևորեցին ՀՀ քաղաքական ուժերը` թույլ տալով, որ մայիսի 8-ին նոր վարչապետ ընտրվի։
Նա վստահեցրեց, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին և կօգնի ժողովրդավարություն կառուցել։
Ֆրանսիացի պաշտոնյան անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրին։
«Ֆրանսիան շատ ներգրավված է այս ոլորտում և Հայաստանը միակ երկիրն է, որ այսպիսի գործընկերություն պիտի ունենա»,- ասաց նա։
Երկօրյա այցով Հայաստանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյան այսօր հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի ու վարչապետի հետ։