ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Փաշինյանը Վրաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետև ևս կծառայեն ի շահ մեր պետությունների»,- նշված է շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-31-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։