ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչև վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», և մարզում լավ ցուցանիշ են արձանագրել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը
«Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երևան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչերն ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` մի շարք մարզպետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետների հրաժարականի մասին, սառը ցնցուղ է եղել նրանց համար: