Կողմերից մեկը չափազանց կտրուկ քայլերի չի դիմի` քաջ գիտակցելով դրանց հետևանքների աննկարագրելի ծանրությունը, իսկ երկրորդ կողմին կտրուկ գործողություններ պարզապես պետք չեն։ Հայտնի վերլուծաբան, բրիտանացի Թոմաս դե Վաալն արձագանքել է նորընտիր վարչապետի ներկայացրած նոր մոտեցումներին`նշելով, որ անկման մեջ գտնվող ղարաբաղյան բանակցային գործընթացը թափահարման կարիք ունի, բայց ոչ ուժեղ։
Ադրբեջանում ասում են, թե իբր Թրամփը պետական տոնի կապակցությամբ հեռագրով Ալիևին շնորհավորելիս կարծիք է հայտնել, որ առաջիկա ամիսներին հակամարտությունը կարող է կարգավորվել։
«Իբր» բառն այստեղ օգտագործում ենք այն պատճառով, որ ցանկալի կլիներ հեռագրի բնօրինակը տեսնել, այլ ոչ թե դրա թարգմանությունը ադրբեջանական կայքում, որին հղում են անում այդ նորությունը հայտնող բոլոր լրատվամիջոցները։ Սպիտակ տան պաշտոնական կայքում այդպիսի հեռագիր չկա, թեև չի բացառվում, որ ես լավ չեմ փնտրել։
Ենթադրենք` այդ հեռագիրն իսկապես գոյություն ունի, ու այդ հեռագրում հենց այդ տեքստն է գրված։ Ի՞նչ է սրանից հետևում. այն, որ դա նույնպես փոքր ցնցում է։ ԱՄՆ նախագահը կարծիք կամ մաղթանք է հայտնում, որ հակամարտությունն առաջիկա ամիսներին կարող է լուծվել, բայց մեզանից յուրաքանչյուրն էլ ունի այդ ցանկությունը։ Մնում է` պայմանավորվենք։
Ու Փաշինյանի նոր մոտեցումները կարող են նշանավորել բանակցային գործընթացում որոշակի քնկոտ լճացումից արթնանալու մտադրությունը։ Անվրդով ու զգույշ Նալբանդյանը, թերևս, նախընտրում էր ոչ մի դեպքում չսրել իրավիճակը ու հավանաբար չափից շատ զգուշավորություն էր դրսևորում։ Հիմա նշմարվել է մի նոր ուղղություն, որը կողմերը կարող են ընդունել կամ չընդունել, հնարավոր է` փոխզիջումնային տարբերակ գտնվի, չէ՞ որ Փաշինյանը վերջնագիր չի ներկայացրել։
Ստեփանակերտը բանակցություններում ներառելու մասին Փաշինյանի ասածը (բացի այն, որ անվիճելիորեն բանական ու տրամաբանական են) նաև ներքին լսարանին էր ուղղված։ Հավանաբար, պետք է ցույց տալ, որ Արցախի հարցը հայկական պետության համար առաջնային է, քանի որ այդ թեմայով որոշակի կասկածներ էին հնչում, որոնք հիմնված էին Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ այնքան վաղեմի մտերմության վրա։
Այս փուլում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ սկզբունքայնորեն նոր առաջարկներ պարզապես չեն կարող լինել։ Մի օր, հեռավոր ապագայում, դրանք կարող են հայտնվել, բայց դրա համար երկու երկրներում էլ պետք է լիովին նոր մտածելակերպ ունեցող մարդիկ իշխանության գան, երկու հասարակություններն էլ պետք է այնպիսի մտածելակերպ ունենա, որը կտրականապես կտարբերվի այսօրվա մտածելակերպից։
Ու որպես զուտ անձնական կարծիք հետևյալ դիտարկումը ներկայացնեմ։ Ի տարբերություն հայկականի`, ադրբեջանական քաղաքական վերնախավին ձեռնտու չէ ո՛չ լայնածավալ պատերազմը, ո՛չ էլ հակամարտության կարգավորումը։ Ավելի ճիշտ, ձեռնտու է կարգավորման միայն մեկ տարբերակը. եթե Բաքուն ստանա ամեն ինչ ու միանգամից, իսկ որպես պատասխան քայլ Արցախին ձևական ինքնավար կարգավիճակի տրվի։ Սակայն հասկանալի պատճառներով այդպիսի բան չի կարող լինել։
Այդ պատճառով պաշտոնական Բաքվի համար ամենահարմարը հակամարտության չլուծված վիճակն է ու դրա անլուծելիությունը։ Քանի որ լայնածավալ պատերազմը երկու երկրի համար էլ աղետ կլինի, իսկ լուրջ փոխզիջումները, որոնց պետք է վաղ թե ուշ դիմել, կտապալվի ադրբեջանական վերնախավին նույնիսկ այսօրվա ավտորիտարիզմի պայմաններում։ Հատկապես այն բանից հետո, որ պաշտոնական Բաքուն ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է անվանել։
Ահա և ստացվում է, որ այսօրվա Բաքվի համար ամենաձեռնտուն ժամանակ ձգելն է, պարբերաբար ռազմական սրացումների գնալը։ Այդ սրացումներն անհամեմատելի են լայնածավալ հակամարտության հետ, բայց պետք է ցուցադրեն իրենց անկոտրում լինելը «օկուպացված տարածքների ազատագրման» հարցում։ Ներքին սպառման համար, իհարկե։
Այնպես որ բանակցություններն այդքան էլ շուտ չեն վերականգնվի, քանի դեռ հայկական կողմը հստակորեն չի ձևակերպել նոր տեսլականը։ Թեև հնարավոր է` մեկը մյուսին չի խանգարում, շփումների անընդհատությունն ապահովելու համար կողմերն արդեն հիմա էլ կարող են սկսել հանդիպումները։ Ամեն դեպքում բանակցությունների փաստը դրանց բացակայությունից լավ է։