ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռուսաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում, և դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում ասաց ռուսաստանցի պրոդյուսեր և սպորտային մեկնաբան Արտաշես Սարգսյանը։
Նա կարծում է, որ Ռուսաստանի և ռուսների հանդեպ հայերի նվիրվածության աստիճանը բարձր է, և անհրաժեշտ է դա ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել։
Պատասխանելով Հայաստանում «թավշյա հեղափոխության» մեջ Արևմուտքի դերի մասին հարցին` Սարգսյանը հայտարարել է, որ նա չի բացառում արևմտյան գործոնի առկայությունը։ Նա վստահ է, որ Հայաստանում Ռուսաստանի մեկնարկային հնարավորություններն ավելի լավն են, քան արևմտյան երկրների` չնայած ամերիկյան դեսպանատան և տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատանքին, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին։
Պրոդյուսերը հիշեցրել է, որ Ռուսաստանում շատ հաջող հայկական համայնք կա, որը լուրջ դեր է խաղացել Հայաստանի կյանքում։
Բացի այդ, նա նշել է, որ դեսպանատունը պետք է աշխատանք տանի հայ հասարակությունում։ Հայաստանում նաև գործում են ռուսալեզու ԶԼՄ–ներ, որոնց պետք է աջակցել։
«Աշխատանքը կիսատ է արված։ Ի՞նչն է խանգարում։ Ռուսական ազդեցության գործակալներն այնտեղ նույնպես շատ են։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի գոյությունն առանց Ռուսաստանի», – նշել է Սարգսյանը։
Նա վստահ է, որ Հայաստանում բոլորը հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի հետ ընկերությունն այլընտրանք չունի։
Ավելին`Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում արտահայտվել է Հայաստանի եվրասիական ինտեգրման դեմ, իշխանության գալուց հետո միանգամից հասկացնել է տվել, որ փոխել է իր դիրքորոշումը։ Հայաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունը հավերժ է։
Այլ բան է, որ կան մի շարք հարցեր, որոնք քննարկումներ և երկխոսություն են պահանջում։ Օրինակ` Ադրբեջանին սպառազինություններ առաքելու հարցը։
«Բայց այդ հարցերը գործընկերների քննարկման թեմա են։ Ընդհանուր առմամբ, այլ տարբերակ լինել չի կարող», – վստահ է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ռուսական «Ռոսնեֆտ» կորպորացիայի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի հայտարարություններին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապա, պրոդյուսերի կարծիքով, չպետք է ուշադրություն դարձնել դրան։ Սակայն նրան հասկանալի է հայերի զգացմունքային արձագանքը. Լեոնտևը ոչ միայն լրագրող է և վերլուծաբան, այլ նաև լուրջ կառույցի ներկայացուցիչ։
Սարգսյանը կարծում է, որ նման անբարյացակամ մեկնաբանությունները կարող են բացասաբար ազդել Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքի վրա։