ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանիում կփոխարինի նույն խմբակցության ադամ Նաիրա Հովհաննիսյանը: Այս մասին որոշումը կայացվեց ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստում։
ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իրենց լիազորություն չունեն որևէ մեկին մանդատից զրկելու և միայն արդեն իսկ արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:
Ի պատասխան այս հայտարարության՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել էր. «Տարոն Մարգարյանը ինձ ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում»:
Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։