ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել ապրիլյան ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունների գործերով ներգրավված անձանց։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանց թվում է նաև ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը` Սարգիս Հակոբյանը։
Նա մեղադրվում է ապրիլի 20-ին Երևանի Էրեբունի համայնքի Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Մասնավորապես` Հակոբյանն ու ևս 3 հոգի` Գ.Ազարյանը, Ս. Բաղդասարյանն ու Վ. Մխիթարյանը, փողոցում վիրավորել ու մահակով հարվածել են անչափահասներին` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքացիների նկատմամբ։
Սարգիս Հակոբյանի նկատմամբ քննիչը կալանավորման որոշում է կայացրել, մնացած երեքի նկատմամբ` ձերբակալման։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանք բաժին չեն ներկայացել, ինչից հետո ձերբակալումը հանձնարարվել է ոստիկանությանը։
Ապրիլի 21-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով էլ մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա.Իսոյանին։ Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է։
Ըստ գործի նյութերի` ապրիլի 21-ին, 13:30-ի սահմաններում փողոցը փակած քաղաքացիներին են մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից դուրս եկած մի խումբ անձինք մահակներով հարվածել են փողոցը փակած անձանց ու այդ տարածքում գտնվող ավտոմեքենաներին և վարորդներին:
Այս փաստով Երևանի բնակիչ 1988թ-ին ծնված Ա. Իսոյանի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում։