ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում շատերի համար անսպասելիորեն վերածվել է անգլիացի դենդիի։
«Ահա այսպես ենք մենք պատրաստվում (թագավորական հարսանիքին` խմբ.) Օհանյանների կալվածքում», – տեսանյութի տակ գրել է Օհանյանը։
Միլիոնատերը հմտորեն նմանակում է անգլիացի լորդի` խոսելով «մաքուր» բրիտանական ակցենտով։ Հավանաբար, Ալեքսիսը չի ցանկացել առանձնանալ բազմաթիվ արքայազների, արքայադուստրերի և լորդերի մեջ` անցած շաբաթ օրը կայացած Անգլիայի արքայազն Հարրի հարսանիքի ժամանակ։
«Սրանից հետո կարող եք ինձ կոչել լորդ Օհանյան», – կատակում է Ալեքսիսը։
Հաջորդ կադրում ինչ-որ մեկը քիչ է մնում վրձինը մտցնի Ալեքսիսի աչքը` ուղղելով հայի հոնքերը։ Սկզբից կարող է թվալ, որ դա դիմահարդարն է, սակայն Օհանյանի արտահայտությունից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում։
«Ահա այսպես ենք մենք արթնանում ամեն առավոտ Օհանյանների կալվածքում։ Օ՜, այդ ի՞նչ եք անում, դուք, հավանաբար, նորեկ եք այստեղ», – ասում է Օհանյանը, որից հետո տեսախցիկը շրջում կնոջ` աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի կողմը։
«Նա լեդի Ուիլյամսն է», – զարմացած փաստում է Օհանյանը։
Նրա հումորն այնքան է դուր եկել իր երկրպագուներին, որ օգտատերերի մեծամասնությունը սկսել է նրան դիմել «լորդ Օհանյանով»։