ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Երևանում մայիսի 26-ին տեղի կունենա լրագրողների ֆուտբոլի 2-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն յոթ երկրի լրատվամիջոցների թիմեր։ Միջոցառումը մարզական ու զբոսաշրջային իսկական տոն կդառնա։ Այս տարի մրցաշարը նվիրած է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին։
«Հայաստան կժամանեն ավելի քան 100 լրագրողներ Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից և Լիտվայից։ Սա պարզապես մարզական միջոցառում չէ, այլ շատ լավ հնարավորություն` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, մեր երկրի գեղեցկությունը ցույց տալու համար», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը։
Թեև խաղը կկայանա մայիսի 26-ին, այդուհանդերձ մասնակիցներից շատերը Հայաստան կժամանեն վաղը` մայիսի 24-ին, որպեսզի հասցնեն տեսնել Հայաստանը, այցելել երկրի տեսարժան վայրեր։ Հյուրերը կայցելեն Երևանի կոնյակի գործարան, իսկ հաջորդ օրը նրանց կսպասեն Սևանում։
Լրագրողները նաև կմասնակցեն մայիսի 28-ին Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություններին։ Մրցաշարի կազմակերպիչ Դավիթ Ալավերդյանը հայտնեց, որ նրանք կվերադառնան այդ օրը երեկոյան։
«Առաջին անգամ ամեն ինչ շատ լավ էինք կազմակերպել, մեր բոլոր հյուրերը գոհ մնացին, հետաքրքիր նյութեր պատրաստեցին Հայաստանի մասին: Վստահ ենք, որ այս անգամ էլ նրանց դուր կգա», — ասաց նա։
Անցած տարի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը Վրաստանի և Լիտվայի հավաքականներից հետո։ Ալավերդյանը նշեց, որ այս տարի թիմը հաղթելու վճռականություն ունի։ «Թեև հավաքականի տարիքային կազմը թույլ չի տալիս ինչ-որ հրաշքների հույս ունենալ, պետք է հաշվի առնել, որ մրցակիցներն էլ արդեն երիտասարդ չեն»,- կեսկատակ ասաց Ալավերդյանը։
Մրցաշարի գլխավոր հովանավորը «ՎՏԲ Հայաստան» բանկն է։
Բանկի գլխավոր տնօրեն–Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը հայտնեց, որ մեծ հաճույքով են որոշել հովանավորել այս միջոցառումը։