ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների նախնական ցուցակից բացակայելու են վեց ֆուտբոլիստ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրապարակած ցուցակը զգալի կորուստներ կրեց տարբեր պատճառներով։
Հավաքականի գլխավոր մարզիչը, անկասկած, ուզում էր իր թիմում տեսնել այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնք կարող ենք ուժեղացնել թիմի խաղը, ընդ որում` խաղային բոլոր օղակներում: Դավիթ Յուրչենկոն ու Խորեն Բայրամյանը կարող են դառնալ մեր թիմի առանցքային խաղացողներ, բայց նրանց նորամուտն առայժմ հետաձգվում է:
Կասկածից վեր է, որ դարպասապահի դիրքում Յուրչենկոն մեր հավաքականին պետք է: Նա իր վարպետությամբ հաստատ վստահություն կներշնչի մեր թիմին: Ոչ պակաս կարևոր է Խորեն Բայրամյանի ներկայությունը մեր թիմում: Ձախ եզրային պաշտպանի խնդիրը հավաքականում մեկ տարի չէ, որ կա, իսկ Բայրամյանը ոչ միայն կարող է պաշտպանվել, այլ նաև միանալ գրոհներին: Ցավոք, երկու ֆուտբոլիստներն էլ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն միանալու հավաքականին:
Յուրա Մովսիսյանի վերադարձն էլ հավաքական հետաձգվեց հայ հարձակվողի վնասվածքի պատճառով: Չի կարելի ասել, որ Յուրան անմիջապես հետ կբերի մեր հաղթանակները նախևառաջ այն պատճառով, որ մարզավիճակն այն չէ: Բայց այն, որ նրա ներկայությունը խաղադաշտում հոգեբանորեն կօգնի խաղընկերներին, նույնպես չպետք է մոռանալ: Վնասվածքի պատճառով բացակայելու են նաև Արաս Օզբիլիսը, Սարգիս Ադամյանն ու Արթուր Սարկիսովը:
Մալթայի հավաքականի խաղին էլ չեն մասնակցելու Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզզելին ու Կամո Հովհաննիսյանը, որոնք Ավստրիա են մեկնելու հունիսի 1-ին, իսկ խաղը նախատեսված է մայիսի 29-ին:
Մեր հավաքականի կազմում առաջիկա խաղերին մասնակցելու հնարավորություն են ստացել «հին» գվարդիայի ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանն ու Կառլեն Մկրտչյանը: Երկու ֆուտբոլիստներն էլ ահռելի փորձ ունեն և միանշանակ կարող են մեծ օգուտ բերել թիմին:
Կան նաև նոր անուններ ինչպես Հայաստանի ներքին առաջնությունից, այնպես էլ արտասահմանից:
«Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանն առաջին անգամն է հրավիրվում ազգային հավաքական, նույնը պետք է ասել «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանի մասին: Ընտրանու կազմում կտեսնենք նաև Ժորդի Ժոաո Մոնրո Արարատին, Իվան Յագանին, Էդգար Բաբայանին և Անդրե Չալշըրին: Վերջին չորսի մասին առայժմ դժվար է ինչ-որ բան ասել: Ստուգողական խաղերը անցկացվում են հենց նրա համար, որ մարզիչները հնարավորություն ունենան նորեկ ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնելու:
Այսպիսով գործի մեջ կտեսնենք ոչ միայն նորեկներին, այլև հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մայիսի 21-ին հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: