ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանի առաջին հանրապետության հաստատման օրվա` մայիսի 28-ի հետ կապված հազարավոր հյուրեր են գալու մեր երկիր, հիմնականում` սփյուռքից։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Տոնական օրվա` մայիսի 28-ին կապակցությամբ սփյուռքից հազարավոր հյուրերի ենք սպասում։ Մայիսի 27-ից 28-ը Հայաստան կայցելի նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը», — ասաց Բալայանը։
Հաջորդ շաբաթ Հայաստանը պատրաստվում է ընդունել նաև ամերիկյան պատվիրակությանը` ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ։
Բալայանը հաստատեց նաև, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն առաջիկայում Վրաստան են այցելելու։ Մայիսի 25-26-ին Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնելու` Վրաստանի անկախության ու Առաջին Հանրապետության հաստատման 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու։
Մայիսի 30-31-ին պաշտոնական այցով հարևան երկիր կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։