ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ԱԺ ՀՀԿ պատգամավորն օֆշորային նոր սկանդալից ու նոր բացահայտումներից չի վախենում։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Ինչ կարող էր բացահայտվել, վաղուց արդեն բացահայտված է»,- ասաց նա։
Ավելին՝ Միհրան Պողոսյանն անգամ ուրախ կլինի, եթե գործը վերաբացվի։
«Շատ ուրախ կլինեմ, որ հանրությունը մեկ անգամ ևս համոզվի, որ այն, ինչ ես բազմիցս ասել եմ, եղել է ճշմարտություն»,- ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք` 2016թ-ին հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցը բացահայտել էր օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների ու դրանց սեփականատերերի մասին տեղեկություններ։ Տվյալների այդ բազայում կային նաև ԴԱՀԿ ծառայության այն ժամանակվա պետ Միհրան Պողոսյանի և նրա մորեղբայրների՝ Գրիգորի և Միխայիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները։
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated) «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated) «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
Բացահայտված փաստերով հարուցվեց քրեական գործ, ակսվեց նախաքննություն, որը, սակայն, ավելի ուշ դատարանի որոշմամբ կարճվեց։
Չի բացառվում, որ գործը կարող է վերաբացվել ՀՀ նոր կառավարության հայտարարած հակակոռուպցիոն պայքարի շրջանակում։