ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պետք է վերանայենք ատեստավորման գործընթացը։ Այն փաստը, որ երկրում ատեստացիա չանցած ոչ մի ուսուցիչ չկա, նրանց օգտին չի խոսում», — ասաց նախարարը։
Նրա խոսքով` ատեստացիան պետք է իրականությունն արտացոլի, ու եթե ուսուցիչը չի համապատասխանում ժամանակակից համակարգին, նա չի կարող ատեստացիա անցնել, ու դրանում զարմանալի ոչինչ չկա։
Հարությունյանն ընդգծեց` ով ատեստացիա անցնի, նախարարությունը 50%-ով կբարձրացնի նրանց աշխատավարձերը։ Նախարարը հավելեց, որ Հայաստանում յուրաքանչյուրը որակյալ կրթություն ստանալու իրավունք ունի։
Առաջիկայում կրթության նախարարությանը կից փորձագիտական խումբ կստեղծվի։
Հայաստանի կրթության նախարարությունը մշակել է մի ռազմավարություն, որը թույլ է տալիս լուծել ուսուցիչների սոցիալական խնդիրները։
«Ուսուցիչների սոցիալական խնդիրները կլուծվեն, առաջիկայում մենք կներկայացնենք այդ խնդիրները լուծելու համար մշակված մեխանիզմները։ Սակայն խնդիրների առկայությունը չի արդարացնում կոռուպցիան», — ասաց նախարարը։
Նրա խոսքով` այսուհետ կոռուպցիայի ցանկացած փաստ պատժվելու է։ Հարությունյանը հավելեց, որ կոռուպցիայի փաստով մեկ գործ ԱԱԾ է փոխանցվել, մնացածով ոստիկանությունն է զբաղվում։