ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Բելառուսի Գորոդոկ քաղաքում բացվել է մարշալ Բաղրամյանի արձանը։ Բացման արարողության ժամանակ հրամանատարի թոռը Մինսկի ռազմական թանգարանին է նվիրել նրա ժամացույցը։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։
Նախագծի քանդակագործը Սպարտակ Հարությունյանն է, գլխավոր ճարտարապետը` Արմեն Սարդարովը։
«Մենք ապրում ենք հիշելով այն մարդկանց, ովքեր փրկեցին Բելառուսն ու Եվրոպան ֆաշիզմից, և որոնց շնորհիվ մենք այսօր ողջ ենք և ազատ։ Ստեղծագործական աշխատանքի ընթացքում մենք մի քանի անգամ մեկնել ենք Գորոդոկ, քանի որ շատ գաղափարներ և էսքիզներ ունեինք», – պատմել է ճարտարապետ Արմեն Սարդարովը։
Հեղինակների խոսքով` նրանք առաջին հերթին ուզում էին ցույց տալ մարշալի մեծությունը։
Բացման արարողությանը ներկա պապի անունը կրող Բաղրամյանի թոռը` «Հաղթանակի հրամանատարների հիշատակի հիմնադրամի» վարչության անդամ Հովհաննես Բաղրամյանը, պատմել է, որ Բելառուսի հետ պապը հատուկ հիշողություններ է ունեցել, հենց Բելառուսի ազատագրման համար է նա ստացել իր առաջին Խորհրդային միության հերոսի աստղը։
«Նա հաճախ է այստեղ եղել նաև խաղաղ ժամանակ։ Ուզում եմ մեր ընտանիքի կողմից մեծ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են կիսանդրու տեղադրմանը», – ասաց Բաղրամյանը։
Մարշալի թոռը շրջանի վարչակազմին որպես նվեր լուսանկարների ալբոմ և գիրք փոխանցեց։ Բացի այդ, Հովհաննես Բաղրամյանը Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանին նվիրեց 1937 թվականի արտադրության` պապի հրամանատարական ժամացույցը։
«Նման ժամացույցներ ստանում էին բոլոր հրամանատարները` սպայական համազգեստի հետ։ Խորհրդանշական է, որ ժամացույցը կանգնեցված է Գորոդոկի ազատագրման գործողությունների մեկնարկի ժամի վրա», – ավելացրել է Իվան Բաղրամյանը։
Թոռան խոսքերով, ժամացույցը` գործող է, ամբողջ այդ ընթացքում ընտանիքի մոտ է եղել, իսկ գործողությունների մեկնարկի ժամը նա հատուկ է ֆիքսել ժամացույցի վրա։
«Մենք մարշալ Բաղրամյանի անվան համալիր ունենք, որտեղ պահվում են նրա անձնական իրերը, այդ ցուցանմուշների շարքը կհամալրի այս ժամացույցը, կարծում եմ` այն կզարդարի ցուցահանդեսը», – լրագրողներին է ասել թանգարանի տնօրեն Սերգեյ Ազարոնոկը։
1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար։ Նրա առաջին առաջադրանքներից է եղել վերացնել Գորոդոկի ցցվածքը, որտեղ ամրացրել էին իրենց դիրքերը գերմանացիները։
Նույն տարվա դեկտեմբերի 13-31-ը ռազմական գործողություններ են իրականացվել, որի արդյունքում հաջողվել է ազատագրել ավելի քան 1200 բնակատեղի, այդ թվում նաև Գորոդոկը։