ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Հայաստանի ԶՈՒ–ն մոտակա ամիսների ընթացքում կհամալրվի «Տոր» զենիթահրթիռային համալիրներով։ Այս մասին «Զինուժ» հեռուստահաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ անցած 26 տարիներին Հայաստանի ՀՕՊ զորքերը մշտապես կատարելագործվում էին` համալրվելով ժամանակակից սպառազինությամբ և զինտեխնիկայով։ Պատահական չէ, որ ԶՈՒ զարգացման 7-ամյա ծրագրում լուրջ դեր է հատկացվել ՀՕՊ միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը։
«Արդյունքում, ամիսներ անց ՀՕՊ զինատեսակների շարքում իր հատուկ տեղը կզբաղեցնի «Տոր» ԶՀՀ-ն», – ասաց հաղորդավարը։
Համակարգի հնարավորությունները ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։
««Տորը» գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որն ունակ է ավտոմատ ռեժիմով, նույնիսկ առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտորների օդային հարձակման միջոցների, այդ թվում բարձր ճշգրտության հրթիռների դեմ պայքար վարել», – ասել է Պողոսյանը։
Նշենք, որ «Տոր» ԶՀՀ-ն ստեղծված է տակտիկական մակարդակում օդից ռազմական, տնտեսական և այլ օբյեկտներին հասցված հարվածներից պաշտպանելու համար։ ԶՀՀ-ն կարող է արդյունավետ պայքարել տարբեր տեսակի հրթիռների (այդ թվում` թևավոր և հակառադիոլոկացիոն), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։
2015 թվականից Ռուսաստանի ՀՕՊ սպառազինությունը համալրված է «Տոր-2Մ»-ի մոդիֆիկացիայով։ Դա նոր սերնդի զենք է և առավել արդյունավետ է ռադիոէլեկտրոնային հակազդման զանգվածային օդային հարձակումները հետ մղելու համար։
Նոր «Տոր-Մ2»-ը պատրաստ է հայտնաբերել և խոցել միաժամանակ մինչև 4 օդային թիրախ։ 9А331М մարտական սարքը կարողանում է ինքնուրույն հայտնաբերել, ուղեկցել և խոցել մինչև 15 կմ հեռահարություն և մինչև 10 կմ բարձրություն ունեցող թիրախները։ «Տոր-Մ2»-ի արձագանքման ժամանակը 4.8 վայրկյան է։ «Տոր-Մ2»-ի մոդիֆիկացված տարբերակի մեջ է մտնում նաև լրացուցիչ մինչև 16 հրթիռ, ռազմամթերքը տարբերվում է բարձր ճշգրտությամբ և խոցման ընդլայնված գոտիով։
Համալիրի հիմնական տարբերվող առանձնահատկությունն ընթացքի մեջ, առանց կանգ առնելու կրակ բացելու հնարավորությունն է։
Ամենակատարելագործված տեսակը «Տոր-Մ1-2Ու»-ն է, որով զորքերը սկսել են համալրվել 2012 թվականից։
2015 թվականին Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանում սկսել են սերիական արտադրությամբ թողարկել երկու նոր համալիրներ` «Տոր-Մ2Ու» և «Տոր-Մ2Է(Կ)» ԶՀՀ-ները` արտահանման համար։