Տոլմայի համահայկական փառատոնին մասնակցում էին բնակիչներ Հայաստանի տարբեր ծայրերից։ Արտասահմանյան հյուրերի համար էլ սա հատուկ տոն է։
Փառատոնն անցկացվել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում` «Դվին» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանից քիչ հեռու։ Փառատոնին տասնյակ ռեստորաններ և անհատ արտադրողներ էին մասնակցում։ Բացի տոլմայի ամենատարբեր տեսակներից (մսի, ձկան և բանջարեղենային խճողակով) հյուրերին առաջարկում էին նաև գինի, քաղցրավենիքներ, խորոված և հայկական ավանդական թխվածքներ։
Այս տարի գրան պրիի արժանացավ Ararat Hall ռեստորանը։ Հաստատության երիտասարդ խոհարարներն արտասովոր տոլմա էին ներկայացրել, ինչի շնորհիվ էլ առաջին տեղը գրավեցին մրցույթում։
Այն պատրաստվել էր իշխանի փափկամսից և փաթաթվել խաղողի տերևների մեջ։
«Մենք երկար էինք մտածում այս գաղափարի շուրջ։ Մեր տոլման իսկապես յուրօրինակ է, նրա խճողակը պատրաստված է ձկից», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ararat Hall ռեստորանի խոհարար Աննա Մաթևոսյանը։
Փառատոնին կարելի էր տեսնել նաև քարերի տեսք ունեցող կամ Արարատ լեռան ձև ստացած տոլմա։
«Այս տարի և՛ մասնակիցներն են շատ, և՛ հյուրերը։ Հատկապես շատ են զբոսաշրջիկները Ռուսաստանից», — ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև հայկական այս ազգային կերակրատեսակի հին բաղադրատոմսեր և ժամանակակից տարբերակները։
Անցյալ տարի Մամուլյանի ՀԿ-ն մայիսը տոլմայի ամիս էր հայտարարել. տոլմայի փառատոներ են կազմակերպվել ու անցկացվել նաև Ռուսաստանում, Վրաստանում, առաջիկայում նախատեսվում է նաև փառատոն անցկացնել Չեխիայում, Ռումինիայում, Լիբանանում, Հնդկաստանում և Ուկրաինայում։
Գոյություն ունի տոլմայի ավելի քան 80 տեսակ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստում էին դեռևս 1000 և ավելի տարի առաջ։ Տոլմայի մասին առաջին հիշատակությունները հայկական աղբյուրներում թվագրվում են 5-րդ դարով։