ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Կուբացի բորտինժեներն ասել է, որ ավիաաղետի հնարավոր պատճառ կարող էր լինել տեխնիկական խափանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կուբական Cubadebate հարթակին։
«Գիտեմ` դուք ցավ եք զգում։ Պատկերացրեք՝ ինչպիսի ցավ եմ զգում ես՝ 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող ինժեներս, որը Boeing 737-200 կործանված ինքնաթիռի անձնակազմի գործընկերն ու ընկերն է», — ասել է տղամարդը։
Հավանա-Օլգին չվերթ իրականացնող ինքնաթիռը կործանվել է երեկ` մայիսի 18-ին։ Օդ բարձրանալուց շատ չանցած՝ օդանավն ընկել է Խոսե Մարտին օդանավակայանի ու Հավանայի մոտակայքում գտնվող Սանտյագո դե լաս Վեգաս քաղաքի արանքում` գյուղատնտեսական տարածքների վրա։
Global Air մեքսիկական ընկերության (Cubana de Aviacion-ն այս ընկերությունից էր վարձակալել ինքնաթիռը) տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 110 մարդ, որից 104-ը` ուղևոր, մյուսները` անձնակազմի անդամներ։
Տեղացիների խոսքով՝ աղետից հետո երեքը ողջ են մնացել և ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուղևորներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Դեպքի վայր է մեկնել Կուբայի Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը և խոստացել, որ կործանման հանգամանքները կքննվեն։ Նա ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին։ Սև արկղերը դեռ չեն գտել։