ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները, որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:
«Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով` կառավարությունում արդեն իսկ սկսվել են քննարկումները այդ հարցի կապակցությամբ: Մասնավորաբար, որպես առավել հավանական տարբերակ վարչապետը դիտարկում է հետևյալ քայլերի հերթականությունը: Նախ, ԿԲ-ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում կայացնել մեկ տարով սառեցնել գյուղատնտեսական և սպառողական բոլոր վարկերի տոկոսների վճարումները:
Այդ ընթացքում մարդիկ կվճարեն միայն մայր գումարը: Միևնույն ժամանակ նոր վարկ չի տրամադրվի այդ «ակցիայից» օգտված քաղաքացիներին:
Եվ վերջապես, նշյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերանայել վարկերի տոկոսադրույքները, որոնք աշխարհում ամենաբարձրերից են: