ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, փրկարար ծառայության հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։
Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ընթացքում էլ նրա հետ հոգեբանական զրույց է անցկացրել փրկարար հոգեբանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։
Պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբիկ Վ.-ն է, ում տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։