ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 55 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով հավանության է արժանացրել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն տարբեր բնագավառներում առավել խոր համագործակցություն ծավալելու հնարավորություն է ընձեռում:
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ գործընկերության համաձայնագիրը վերջնական կետ չէ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այլ գործիք է ներքին բարեփոխումներ առաջադրելու և դրանք իրականացնելու համար:
Բացի այդ, Եվրախորհրդի պատգամավորները Հայաստանին կոչ են անում նշանակալի առաջընթաց գրանցել դատական համակարգի անկախության, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման, չարաշահող օլիգարխիկ վերահսկողության ու հարկերից խուսափելու որտներում:
Եվրախորհրդի պատգամավորները նաև հիշեցնում են, որ ԵՄ արժեքներից շեղվելը, որոնք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, կարող է հանգեցնել համաձայնագրի կասեցմանը:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները շնորհավորել են Հայաստանի քաղաքացիներին վերջերս երկրում տեղի ունեցած իշխանության խաղաղ անցման համար։ Նրանք ողջունել են իրավապահ մարմիների ցուցաբերած զսպվածությունը, թեև խաղաղ ցուցարարների որոշ անհիմն ձերբակալություններ մտահոգության առիթ են տալիս:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել 2018-ին երկու երկրում կայանալիք ընտրություններից հետո արագացնել բանակցությունների տեմպերն ու արդյունքները՝ « պատմություն կերտելու՝ վերջ դնելով հակամարտությանը, որը ռազմական լուծում չի կարող ունենալ»: Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը և հարևանության հաստատմանը: