ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոց է այցելել` կնոջը` Մելանյա Թրամփին տեսության։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մելանյա Թրամփը երկուշաբթի` մայիսի 14-ին, երիկամների վիրահատություն է տարել։ Երիկամների բարորակ վիճակի բուժման համար անցկացված էմբոլիզացիան առանց բարդությունների է անցել։ Այդ վիրահատության ժամանակ փակում են գոյացությունը սնող անոթները` դրա աճը կանգնեցնելու համար։ Առաջին տիկինը հիվանդանոցում ևս մեկ շաբաթ կանցկացնի։
«Գնում եմ Ուոլտեր Ռիդի բուժկենտրոն տեսակցելու մեր հրաշալի առաջին տիկին Մելանյային։ Վիրահատությունը հաջող է անցել, նա լավ տրամադրություն ունի։ Շնորհակալություն բոլոր մտահոգ մարդկանց», – գրել է Թրամփը Twitter–ի իր միկրոբլոգում։
Միևնույն ժամանակ լրագրողները նշել են, որ Թրամփը երկրի ղեկավարի համար ոչ ավանդական տրանսպորտային միջոց է ընտրել, նա մեկնել է ուղղաթիռով։ Հիվանդանոցում ԱՄՆ նախագահը երեք ժամ է մնացել, սակայն սպասվող տեղատարափ անձրևի պատճառով, նա ստիպված է եղել ավտոմեքենայով վերադառնալ։ Նախագահական ավտոշարասյունը Սպիտակ տուն է վերադարձել հորդառատ անձրևի տակ։
Կնոջ հետ հանդիպումից հետո նախագահը դեռ ոչ մի գրառում չի կատարել։