ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Շարժական տեսախցիկները կարող են խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Սա անձնական կյանքի իրավունքի խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեսակետից, խախտում է նաև այն իմաստով, որ նախապես չի զգուշացվում, թե այստեղ նկարահանվում է, և դու հնարավորություն չես ունենում սահմանափակել քո անձնական կյանքի գաղտնիությունը, խախտվում է անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը»,- ասաց Կոստանյանը:
ՀՀԿ պատգամավորը, սակայն, չբացառեց, որ հնարավոր է այդ տեսախցիկների առկայության մասին նախապես զգուշացնելու որևէ տարբերակ ընդունվի:
«Այդ տեսախցիկները ոչ միայն ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրելու համար են, այլև հանցավորության դեմ պայքարի, քանի որ բազմաթիվ հանցագործություններ բացահայտվում են հենց այդ նկարահանումների շնորհիվ»,- ասաց նա:
Այդ է պատճառը, որ ՀՀԿ-ն կտրուկ դեմ չէ, բայց հարց է բարձրացնում ապահովել մարդու անձնական կյանքի իրավունքը։