ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ — 2018» մրցույթի եզրափակիչ չանցած Սևակ Խանաղյանը ՏՆՏ հեռուստաալիքով հեռարձակվող Comedy Club-ի հերթական հյուրն էր։
Հաղորդման մի հատվածը կարելի է դիտել երգիծական հաղորդման ֆեյսբուքյան էջում։
«Սևակ Խանաղյանը երգիչ է, «Գլխավոր բեմ» ծրագրի մասնակից, «Х-Ֆակտոր Ուկրաինա» շոուի հաղթող։ Նա Հայաստանն էր ներկայացնում «Եվրատեսիլ — 2018» մրցույթում «Քամի» երգով», — երգչին այսպես ներկայացրեց Խարլամովը։
Երբ հնչեց երգի անունը, անմիջապես արձագանքեց Պավել Վոլյան։
«Ստացվում է` այն ամբողջ գումարը, որ Հայաստանը հավաքել էր «Եվրատեսիլի» համար, քամուն տվեցիք», — կատակեց շոումենը։
Հետո Վոլյան հարցրեց` ինչպես է Սևակը Պորտուգալիայում ելույթ ունեցել բադակտուց տրասնգենդերների ու համասեռականների կողքին։
«Այդպիսի շոուում կարելի է զարմացնել համեստությամբ ու անկեղծությամբ», — նշեց Սևակը։
Խարլամովը երգչին անհարմար վիճակի մեջ դրեց ու խնդրեց ցույց տալ, թե ինչ «տեսք ունի» հայկական համեստությունը։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2018» մրցույթի հայ ներկայացուցիչը մրցույթի եզրափակիչ փուլ չանցավ։ Շոուի հաղթող դարձավ իսրայելցի Նետան` Toy երգով։