ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Սոչիում։
Պուտինը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական և անվտանգության բնագավառի գործընկերն է։ Ռուսաստանյան ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ շուրջ 35% են կազմում։ Վերջին շրջանում առևտրաշրջանառության աճ է գրանցվել շուրջ 25%-ով։ Առաջանցիկ տեմպերով աճում է նաև գյուղմթերքի արտահանումը Հայաստանից դեպի ռուսական շուկա։ Նախորդ ամիսներին այդ բնագավառի աճը 38% է կազմել։
«Դա շատ լավ դինամիկա է, և հույս ունեմ, որ այն ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա»,- ասաց Պուտինը` Նիկոլ Փաշինյանին շնորհավորելով վարչապետի պաշտոնում նշանակվելու համար։
Նա հույս հայտնեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան, երկրները կպահպանեն իրենց գործընկերային հարաբերությունները ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կառույցներում։
Նա հիշեցրեց, որ մասնավորապես` ՄԱԿ-ում Հայաստանն ու Ռուսաստանը միշտ աջակցել են միմյանց։
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև կան քննարկման ենթակա հարցեր, բայց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարցերն անքննելի են։
«Ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանն այսուհետ ևս զարգացնելու է ՌԴ-ի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները։ Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես ռազմական արդյունաբերական բնագավառում երկու երկրների փոխհարաբերություններին։
«Մենք բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ ձեր երկիրն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի նկատմամբ։ Շատ կառուցողական դիրքորոշում էր։ Եվ դա բարձր է գնահատում ոչ միայն մեր կառավարությունը, այլև հանրությունը», — Պուտինին ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ ինչպես այսօր, այնպես էլ ներքաղաքական պայքարի օրերին Ռուսաստանից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին այցելում Հայաստան։
«Դա շատ հաճելի է։ Կարծում եմ` նրանց դուր է գալիս»,- ասաց Փաշինյանը։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։