ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին:
Փաշինյանն ու Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:
ՀՀ վարչապետը Սոչի է մեկնել մայիսի 13-ին` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետն այսօր առավոտյան հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Նախանշված է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։