ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` հույս հայտնելով, որ կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել բարեփոխումների ակնկալիքները և առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ջանքեր կգործադրի։
Գուտերեշը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը պատրաստ է տրամադրել իր աջակցությունը` այդ թվում նաև` ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։
«ՄԱԿ-ը խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր ջանքերի ամուր և հետևողական աջակից է: Հուսով եմ, որ խաղաղ կարգավորման համար այս զգայուն ժամանակաշրջանում, այդ ջանքերն ավելի մեծ թափ կստանան և կբերեն դրական արդյունքներ, որոնք կօգնեն հաստատել տևական խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար»,- ասված է Անտոնիո Գուտերեշի շնորհավորական ուղերձում:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին ՀՀ ԱԺ հատուկ նիստում` ստանալով ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև ԱԺ մեծամասնության աջակցությունը։