ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հանրապետական կուսակցությունը կառավարության աշխատանքին չի խանգարի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Եթե մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ ԱԺ աշխատանքն ապահովենք, պետք է աշխատենք կառավարության հետ»,- ասել է Բաղդասարյանը։ Փաշինյանի ելույթից նա ենթադրում է, որ կառավարության ծրագիրը բավական տրամաբանական է լինելու, ուստի չի բացառել, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի դրան, եթե, իհարկե, սկզբունքային հակասություններ չլինեն։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը` Բաղդասարյանն ասել է, որ ժամանակ է պետք գնահատելու համար։
«Այդ մարդկանց հետ մենք աշխատել ենք, բայց այլ պայմաններում»,- ասել է Բաղդասարյանը:
Նա չի թաքցրել, որ նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ղեկավար պաշտոնում չի պատկերացրել, թեև պարկեշտ ոստիկան է համարում։