ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած և ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունված որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:
ՀՀ արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում փորձնական կարգով «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ համապատասխան տեխնիկական սարքավորումներ են տեղադրվել և գործարկվել է տեսազարգի համակարգը, որի միջոցով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք հնարավորություն ունեն օգտվել տեսազանգի իրավունքից: Միաժամանակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կատարվում են համապատասխան սենյակի վերանորոգման աշխատանքներ և մոտ օրերս այդ հիմնարկում նույնպես կտեղադրվեն տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները:
Որոշման պահանջներն ապահովելու նպատակով «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ տեսազանգի կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկները մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: