ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայ-վրացական հարաբերություններն աշխարհաքաղաքական գործոններից դուրս պետք է զարգանան։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վրաստանը բարեկամ երկիր է։ Հայաստանն ու Վրաստանը պետք է զարգացնեն բարեկամական հարաբերությունները, քանի որ մենք եղբայրական երկրներ ու մտերիմ գործընկերներ ենք», — ասել է Փաշինյանը։
Նրա խոսքերով` նոր կառավարության և իր կուսակցության ծրագրերում հատուկ ուշադրություն է հատկացվում Վրաստանին:
«Մեր հարաբերությունները չպետք է հիմնվեն աշխարհաքաղաքական գործոնների վրա։ Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունները պետք է խորանան բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական», — եզրափակել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է եղբայրական Հայաստանին` հույս հայտնելով, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը խորանալու են։