ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց դիրքորոշումը չեն փոխել, իսկ թե ինչպես են քվեարկելու, առաջարկեց կես ժամ սպասել ու տեսնել:
«Մեր որոշումը քաղաքական է, և մենք ենք խնդրել ու հորդորել այն պատգամավորներին, ովքեր կողմ պետք է քվեարկեն»,- ասաց Բաղդասարյանը:
Իսկ թե քանի հանրապետական պատգամավոր և ովքեր են կողմ քվեարկելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չցանկացավ բացահայտել:
Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած ծրագրային դրույթներն ընդունելի են ՀՀԿ-ի համար, Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց.
«Մի փոքր համբերեք, կլսեք: Իմ ելույթում բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:
ԱԺ-ում շարունակվում է ՀՀ վարչապետի ընտրությանը նվիրված ԱԺ նիստը: Նիստին մասնակցում են 105 պատգամավորներից 100-ը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավորները հարցեր չուղղեցին: Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: