ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին և ոստիկաններին կատարել իրենց առաքելությունը դրական մթնոլորտում, որը եղել է մինչև հիմա։ Այդ մասին նա ասել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
Մայիսի 7-ի երեկոյան Երևան կժամանի հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Պատմական հայրենիք ժամանելուց անմիջապես հետո Թանկյանը ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։ Ռոք երաժշտի այցը նվիրված է Հայաստանի ներքաղաքական կյանքի իրադարձություններին` «թավշյա հեղափոխությանը»։
«Հայաստանի ոստիկանության աշխատակիցներն այսօր լիարժեք ծառայություն կիրականացնեն և՛ Հանրապետության հրապարակում, և՛ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում», — ասել է Փաշինյանը։
Նա հույս և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները, որոնք կդիմավորեն Թանկյանին, ոստիկանների հետ միասին կապահովեն բարեկամական մթնոլորտ։
«Որպեսզի ոստիկանները կարողանան լիարժեք իրականացնել իրենց ծառայությունը և մեր միջոցառումը տեղի ունենա բարձր մակարդակով», — բացատրել է նա։
Փաշինյանը նաև կոչ է արել ցանկացողներին դիմավորել Թանկյանին օդանավակայանի տարածքում, այլ ոչ թե «Զվարթնոցի» շենքում։
Թանկյանի այցի մասին նախօրեին ազդարարել է Փաշինյանը` կոչ անելով իր կողմնակիցներին երկուշաբթի երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում։ Երկրպագուները հույս ունեին, որ Թանկյանը նաև երաժշտական անակնկալ կանի, սակայն երաժիշտը Facebook-ում գրել է, որ համերգ նախատեսված չէ։