ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությանը մեկնել ցանկացող հայ երկրպագուների համար:
Այս մասին նախարարության թվիթերյան պաշտոնական էջում տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջն. անվտանգ. նկատառումներով ՌԴ որոշ քաղաքներում մայիսի25-հուլիսի25 գործելու է հատուկ ռեժիմ: ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 24 ժ ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախար. հմպտսխան տարածք.մարմնում pic.twitter.com/g41CTZH0FA
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 5 mai 2018
Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության նկատառումներով ԱԱ-2018-ի ժամանակ Ռուսաստանի որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ: Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի այդ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն Ռուսաստանի ներքին գործերի նախարության համապատասխան տարածքային մարմնում:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ հատուկ ռեժիմը ենթադրում է ՝ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել էր պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և հիշեցրել, որ որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: