ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։
Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը Ազգային ժողովում անցկացվելու է այսօր ժամը 10.00-ից մինչև 11.10-ը:
Ընտրությունն անցնում է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, փակ գաղտնի կարգով:
ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 3/5-րդի քվեն:
ՍԴ անդամի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Էմիլ Բաբայանն այս տարվա փետրվարի 6-ից նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ Մինչ այդ, 2012թ.-ից եղել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ, 2008-2012թթ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։