ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Բողոքի խաղաղ ակցիաների պատճառով Հայաստանը վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։ Բրիտանական BBC կազմակերպությունը բացառություն չէ։
«Լայնածավալ բողոքների հետ կապված` Հայաստանը մշտապես հայտնվում է վերնագրերում։ Իսկ դուք ի՞նչ գիտեք նախկին խորհրդային հանրապետության մասին, որը գտնվում է Հարավային Կովկասում», — գրում է BBC-ն։
Պարբերականը նշում է, որ աշխարհում ավելի շատ հայեր կան, քան հենց Հայաստանում. «Երկրում բնակվում են մոտ 3 միլիոն հայ, իսկ աշխարհում` մի քանի միլիոն։ Շատ մեծ սփյուռք կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում»։
Որպես երկրորդ փաստ` BBC-ն մեջբերում է այն, որ երկրի խորհրդանիշն Արարատ լեռն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում։
Պարբերականն ընդգծում է` Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը պետական կրոն է ընդունել։
Հեղինակավոր կորպորացիայի ուշադրությունը գրավել է նաև այն, որ շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի դպրոցներում. «2011թ-ից բոլոր երեխաները շախմատի դասեր են անցնում։ Երկիրն աշխարհին նվիրել է մեծ թվով գրոսմայստերներ։ Այնտեղ մոտ երեք հազար շախմատային մարզիչներ կան»։
BBC-ին նշում է, որ Հայաստանը շատ է հպարտանում իր կոնյակով։ Պարբերականը պատմում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իոսիֆ Ստալինն Ուինսթոն Չերչիլին հայկական կոնյակ է ուղարկել` որպես նվեր։ Տարիներ անց` 2013թ-ին, նույն ժեստը կրկնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Դևիդ Կեմերոնին ուղարկելով հայկական մեկ շիշ կոնյակ։
Որպես վերջին հատկանշական փաստ` պարբերականը մեջբերում է այն, որ համաշխարհային աստղերից շատերը հայկական արմատներ ունեն, որոնց շարքում են հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը, ռուս գրոսմայստեր Գարի Կասպարովը, ամերիկացի երգչուհի Շերը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։