ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Արմանիտոլա շրջանի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին հիշեցում է Դաքքայում հայերի նախկին ազդեցության մասին։
Հայերն առևտրային բազաներ են ունեցել ամբողջ Բրիտանական Հնդկաստանում` Սուրատում, Մումբայում, Չինսուրում, Կալկաթայում, Դաքքայում և դրա սահմաններից դուրս. Կանտոնում (Գուանչժոու), Ջակարտայում, Լհասում, Սինգապուրում։ Այդ ամբողջ ցանցն ընդհանուր կենտրոն է ունեցել` Սպահանի Նոր Ջուղան։
Բանգլադեշի The Daily Star հրատարակությունը պատմում է Արմեն Արսլանյանի մասին, որը Դաքքայում 1781թ-ին կառուցված հայկական եկեղեցու պահապանն է։
Արմենը ծնվել է Արգենտինայում։ Նա Բանգլադեշ է եկել 2008թ-ին։ Ինչպես դա հաճախ պատահում է հայերի հետ, նա տեղում ցանկացել է գործ բացել։ Արմենն իմացել է եկեղեցու մասին իր դպրոցական դստերից, որը սովորել է աշխարհի մեկ այլ ծայրում` Լոս Անջելեսում։ Եկեղեցու հոգևորական և պահապան Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը (նույն ինքը Մայքլ Ջոզեֆ Մարտինը) այդ ժամանակ, հավանաբար, եղել է Բանգլադեշի վերջին հայը։ 2014թ-ին նա սրտի կաթված է տարել, և աղջիկները նրան տարել են իրենց մոտ` Կանադա։ Հեռանալիս` նա Արմենին է թողել եկեղեցին պահպանելու գործը։
Այնտեղ նրանք իրենց ուժերով ինչպես կարողացել են փոխել են էլեկտրական լարերը և պատվիրել երկու նկարների վերականգնում։ Այդ նկարների հեղինակությունը վերագրում են նկարիչ Չարլզ Պոտին և Դաքքայի հայկական դպրոցի տնօրեն Պողոսին։
«Վերականգնման աշխատանքը կատարել են երկու մասնագետներ` Գևորգ Բաբախանյանը և Սևակ Սարիբեկյանը, որոնք սովորել են Իտալիայում։ Նրանք հիանալի աշխատանք են կատարել։ Նկարներն այնքան վնասված էին… Ես կարծում էի, որ արդեն անհնար է վերականգնել», — ասում է Արմենը։
Եկեղեցում տասնյակ պատմաբանների ուսումնասիրության նյութ կա։ Դժբախտաբար, շատ պատմական փաստաթղթեր անհետացել են։ Արմենին հաջողվել է գտնել մի քանի ծխական գրքեր։ Բայց բազմաթիվ հին փաստաթղթեր անհետացել են։ Պատմաբանների առջև հետաքրքիր խնդիր է դրված` մանրամասնորեն պարզել, թե ինչպես են հայերը հայտնվել այստեղ 16-րդ դարից։ Ինչպես է ուժեղացել նրանց հոսքը 1688թ-ից հետո, երբ անգլիական հիմքով արևելահնդկական ընկերությունը խոստացել է նրանց ցածր մաքսատուրքեր և եկեղեցիների համար տարածքներ` ցանկացած քաղաքում, որտեղ 40-ից ավել հայեր կան։
«Նրանք հարազատ են համարել երկիրը և մշակույթը, որում ապրել են և հաշտ ապրել են մոնղոլների, բրիտանացիների և Հնդկաստանի իշխանների հետ», — ասում է Արմենը։
Արմենն արդեն դիմել է Բանգլադեշում Հայաստանի դեսպանին, Բանգլադեշի մշակույթի նախարարին և ՅՈՒՆԵՍԿՕ` խնդրելով եկեղեցին ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Նախարար Ասադուզզաման Նուրն արդեն համաձայնել է օգնել։
Նա ցանկանում է եկեղեցին դարձնել քաղաքի անբաժանելի մասը։ Այստեղ արդեն ամսական երկու անգամ ուտելիք են բաժանում 300-400 անապահով մարդկանց, ինչպես նաև գործում են առաջին օգնության կետեր։
«Ես չեմ ուզում, որպեսզի տեղի բնակիչները մտածեն, որ այդ եկեղեցին օտար է նրանց համար։ Պարտադիր չէ լինել քրիստոնյա` այստեղ գալու համար։ Կարող եք գալ և աղոթել, եթե ուզում եք», — ասում է Արմենը։
Նրա խոսքով` իր ծրագրերի մեջ մտնում է կրթության ամրապնդումը։ Օրինակ` Բենգալիայում հայոց պատմության մասին դասաժամեր բացելը։