ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Եվրոպայի առաջնության եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը հիացրեց վարպետությամբ` բացահայտ առավելության հասնելով բելառուս ըմբիշի նկատմամբ։ Նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
82 կգ քաշային կարգում վերելքով իր մրցումներն անցկացրեց աշխարհի 2017 թվականի չեմպիոն՝ Մաքսիմ Մանուկյանը: Առաջին գոտեմարտում նա ոչ մի շանս չտվեց խորվաթ Բոսո Ստարչևիչին` մրցակցի նկատմամբ տոնելով մաքուր հաղթանակ:
Քառորդ եզրափակիչում Մանուկյանի մրցակիցը բուլղարացի Դանիել Ալեքսանդրովն էր, ով կարողացել էր 1/8 եզրափակիչում առավելության հասնել փորձառու թուրք ըմբիշ Էմրահ Կուշինի նկատմամբ: Հայ ըմբիշը գեղեցիկ հնարքի միջոցով հինգ միավորի առավելություն ստացավ: Ճիշտ է` բուլղարացուն հաջողվեց կրճատել հաշիվը, բայց պարտությունից խուսափել չհաջողվեց՝ 5:2 հաշվով հաղթեց Մաքսիմ Մանուկյանը:
Կիսաեզրափակիչում Մաքսիմ Մանուկյանն արդեն միավոր չտվեց իր մրցակցին: Հունգարացի Լասլո Սաբոն ոչինչ չկարողացավ անել հայ ըմբիշ գրոհները կանգնեցնելու համար ու մրցագորգը թողեց գլխիկոր` զիջելով 0:8 հաշվով:
Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը բելառուս Վիկտոր Սասունովսկին էր: Նկատենք, որ Մանուկյանը առաջին անգամ էր դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Բայց պարզ էր, որ անցյալ տարի Փարիզում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած մեր ըմբիշը հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում եզրափակիչում, չնայած նրան, որ Սասունովսկին աշխարհի 2015 թվականի առաջնության արծաթե մեդալակիր էր եղել: