ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանում տասնյակ ակտիվիստներ շարունակում են արգելափակել խոշոր սուպերմարկետների մուտքերը, այդ թվում` SAS-ի և Երևան City-ի։ Ակտիվիստների հիմնական նպատակն է չթողնել, որ գնորդները ներս մտնեն և բոյկոտեն Հայաստանում մենաշնորհային խոշոր ձեռնարկատերերի բիզնեսը։
«Մենք կանգնած ենք այստեղ (Ամիրյան փողոցում գտնվող SAS սուպերմարկետի դռների մոտ) արդեն մի քանի ժամ և դեռ երկար ենք կանգնելու», — հայտնեցին ակտիվիստները։
Նույն իրավիճակն է նաև Տիգրան Մեծ փողոցի Երևան City-ի խանութի մուտքի մոտ։
Ամբողջ քաղաքից հայտնում են, որ սուպերմարկետների այդ ցանցերի այլ խանութներ ևս փակ են։
«Մենք այստեղ ենք, քանի որ SAS-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը երեկ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Կանգնած ենք այստեղ և խնդրում ենք հաճախորդներին չմտնել սուպերմարկետ։ Մենք նրանց ասում ենք, թե որտեղ մոտակայքում տարադրամի փոխանակման կետ և փոքր մթերային խանութ կա», — ասաց ցուցարարներից մեկը` Վազգենը։
Երիտասարդ ակտիվիստը նշեց, որ նա և ևս տասը ակտիվիստ կանգնած են սուպերմարկետի մոտ արդեն մի քանի ժամ, և անհրաժեշտության դեպքում, կշարունակեն արգելափակել առևտրային օբյեկտը։
Իսկ Մաշտոցի վրա գտնվող «Փակ շուկան» բաց էր։ Ակտիվիստները պարբերաբար փակում էին մուտքը, սակայն մոտավորապես ժամը 16:00-ին Երևան City-ի մուտքը բաց էր։ (Երևան City-ին պատկանում է խոշոր հայ գործարար, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին)։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45-ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։