ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին Փաշինյանն ասաց լրագրողներին։
Այս պահին նա իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ Արշակունյաց փողոցում է, նրանք ցուցարարների հետ բողոքի երթի են դուրս եկել։
«Այլևս կարևոր չէ, թե ինչ է կատարվում ԱԺ սենյակներում ու դահլիճներում, կարևոր է միայն այն, ինչ կատարվում է փողոցներում։ Ժողովրդի ու իշխանության միջև այլևս չեն լինի նախկին հարաբերութունները»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Պատգամավորն ընդգծեց` եթե ոստիկանությունն ուժ կիրառի, իրենք նույն պատասխանը չեն տա։
Նշենք, որ այսօր Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել. ցուցարարները փակել են հիմնական և շրջանցիկ ճանապարհները։
Փակ են Սեբաստիա — Տիչինա խաչմերուկը, Օրբելի փողոցը, Արցախ — Ռոստովյան, Տիգրան Մեծ — Նար Դոս, Կորյուն — Տերյան, Կորյուն — Աբովյան խաչմերուկները, Իսակովի պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Օրբելի — Կիևյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհ հրապարակը, Երևան-Սևան մայրուղին։
Ներկա պահին փակ է նաև Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։