ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի բնակիչներն ու հյուրերը փակ ճանապարհների պատճառով ստիպված են ոտքով հասնել «Զվարթնոց» օդանավակայան։
Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց շարքում նկատել է աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանին։
«Մեկնում եմ հյուրախաղերի, մի քանի օրից կվերադառնամ», — ժպիտով ասաց Համասյանը։
Մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Ակցիան մեկնարկել է 08։10-ին։
Մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել խաչմերուկում։ Ոստիկանները սկզբում համոզում էին ցուցարարներին, որ գոնե բաց պահեն ճանապարհի մի հատվածը, բայց նրանց փորձերն ապարդյուն անցան։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։