ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ԱԺ-ի նիստն այսօր մեկնարկեց 27 պատգամավորով և անմիջապես էլ ընդհատվեց քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ քվորում ապահովելու համար դահլիճում պետք է ներկա լինի առնվազն 53 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Աժ կանոնակարգով նախատեսվում է սպասել 4 ժամ՝ անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայանալուն:
Ընդդիմությունից նիստին ներկա է միայն «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նա հայտարարեց, որ քանի որ երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ:
Խմբակցությունը որոշել է չմասնակցել ԱԺ առաջիկա օրերի աշխատանքներին:
Նշենք, որ դահլիճում ներկա չեն նաև ՀՅԴ, «Ելք» խմբակցության անդամները, իսկ ՀՀԿ 58 պատգամավորներից դահլիճում են միայն 26-ը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` գրանցումը բաց է մնում մինչև 14:00-ն: Այդ ընթացքում պատգամավորները նիստին ներկայանալու և գրանցվելու հնարավորություն ունեն։ Եթե մինչև նշված ժամը քվորում չապահովվի, ԱԺ նիստը հայտարարվում է չկայացած և հետաձգվում մինչև վաղը: