ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում:
Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր:
Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության օգտին կողմ քվեարկեցին 45, դեմ` 56 պատգամավոր: Առաջին փուլում վարչապետի ընտրությունը չկայացավ:
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր):
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: