ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն իր հրաժարականը պահանջող ցուցարարներին քիչ առաջ հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, որն այդ պահին իր աշխատանքից ազատման մասին դիմումն էր գրում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից նախարարությունների շենքի մոտ հավաքված ցուցարարները փակել էին գերատեսչությունների մուտքերը` բողոքելով իշխող Հանրապետական կուսակցության երեկվա քվեարկությունից: Անհնազանդության գործողություններին էին միացել նաև թատրոնի ևկինոյի մի շարք դերասաններ: Նրանք մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպում էին պահանջում: Մշակույթի նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ-ական Արմեն Ամիրյանը թեև մոտեցավ ցուցարար դերասաններին և ասաց, որ ինքը ժողովրդի հետ է, բայց հրաժարվեց միանալ նրանց:
Նշենք, որ իրենց պաշտոնական պարտականություններից հրաժարվել էին նաև ՀՅԴ ներկայացուցիչ 3 նախարարներ` Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը։ Իսկ նրանցից առաջ պաշտոնից հրաժարվել էր անկուսակցական Հրաչյա Ռոստոմյանը։ Արմեն Ամիրյանը դարձավ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության` հրաժարական ներկայացրած հանրապետական առաջին պաշտոնյան։