ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, ՀՀ վերջին վարչապետը լինի: Այս մասին ԱԺ-ում ընթացող քննարկումների ու հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Նիկոլը իր անունը գրել է հայոց պատմության մեջ, ոսկե տառերով է գրել, չեմ ուզում փոխվի»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը շատ խելացի է, բայց մենք ստիպված ենք կատարել ընտրություն, որը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող է դառնալ «Հայաստանի ավարտի սկիզբը»:
«Նիկոլ Փաշինյանի ելույթը դիմադրողական էր, արժանապատիվ, բայց բավարարող չէր ու համարժեք այն խնդիրներին, որոնք կան Հայաստանում՝ անվտանգություն, կոռուպցիա, միգրացիա, աղքատություն»,- հավելեց Աշոտյանը:
Նիկոլ Փաշինյանը, Աշոտյանի խոսքով, լավ առաջնորդ է, բայց շատ ավելի թույլ է, քան նրան նախորդած ընդդիմության առաջնորդները՝ Լևոն Տեր Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք զիջելու հայրենիք չունենք։ Խնդիրը Նիկոլ փաշինյանը չէ»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ նիստում հերթագրված բոլոր ելույթներից հետո հանդես կգան բոլոր խմբակցություններին ղեկավարները և կհայտարարեն, թե ինչպես է քվեարկելու իրենց քաղաքական ուժը։
Այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։