ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որի անունն աշխարհում հայերը տալիս են ամենաշատը, հետևաբար նա է այն երաշխավորը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին գումարված ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով` տվյալ իրավիճակից կարելի է դուրս գալ ընտրությունների միջոցով։
«Հիմնական հանգուցալուծումը ընտրությունների մեջ է, այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների հետևանք է»,- նշեց Սարգսյանը:
Դիմելով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներին՝ նա հորդորեց քվեարկության ժամանակ մտածել երկրի մասին: «Հանրապետականներ, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ որպես ձեր նախկին վարչապետ, որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր՝ մտածեք այս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելիս»,- այս խոսքերով եզրափակեց ելույթը Արամ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ իսկապես զարմացած է Նիկոլ Փաշինյանի տված հարցերի պատասխաններից: «Եղբորիցս հետո որևէ վարչապետի ծրագիր ներկայացնելուց, ներառյալ իմ ծրագիրը ներկայացնելուց, որևէ մեկի պատասխաններն այդքան հստակ, չափված-ձևված, պատրաստված չեն եղել, որքան ձերը»,- ասաց նա` դիմելով ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանին:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ նիստում հերթագրված բոլոր ելույթներից հետո հանդես կգան բոլոր խմբակցություններին ղեկավարները և կհայտարարեն, թե ինչպես է քվեարկելու իրենց քաղաքական ուժը։
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։