ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երեկ` ապրիլի 29-ին, մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գմբեթի խաչը և դրա փոխարեն երկաթյա վարդ դնել։ Տեսանյութում երևում է, թե նրան ինչպես են իջեցնում տաճարի գմբեթից։
Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Սարգիս Վարդանյանը։ Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում։ Շատերը տղամարդու արարքն անվանել են սրբապղծություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել։
«Գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։ Նա փորձել է սղոցել գմբեթի խաչը, բայց չի հաջողվել», — ասաց Մելիքյանը։
Հայտնի է, որ տղամարդը 37 տարեկան է։
Հարուցվել է քրեական գործ, բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել։