ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հանրապետական կուսակցությունը չի կողմնորոշվել վարչապետի թեկնածուի հարցում, առանձին պատգամավորների հայտարարություններն ընդամենը նրանց անձնական կարծիքն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էդուրադ Շարմազանովը` մեկնաբանելով պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը։
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնել էր, թե ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որպեզի ՀՀԿ-ն վարչապետի սեփական թեկնածուին առաջադրի։ Նրա կարծիքով` նոր պայմաններում ՀՀԿ-ն չի կարող արդյունավետ կերպով ղեկավարել երկիրը։
«Վերջին օրերին Հայաստանում տիրող իրավիճակի մասին Հանրապետական կուսակցությունն արտահայտվել է թե կուսակցության, թե խմբակցության և թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի անունից։ Ես որպես փոխխոսնակ ու ՀՀԿ-ի մամուլի քարտուղար էի ներկայացնում դիրքորոշումը. մենք պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստենք ու քննարկենք անհրաժեշտ լուծումները», — ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ապա ըստ Շարմազանովի` ՀՀԿ-ն մինչև ապրիլի 30-ը ժամը 18:00 հնարավորություն ունի որոշել ու ներկայացնել իր ընտրած թեկնածուին։
Հանրապետականները դեռ որոշում չեն կայացրել վարչապետի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ։
«Ճիշտ չեմ համարում խոսել այդ մասին, սակայն ինչ որոշման էլ հանգենք, կուսակցության համար այն ընդհանուր կլինի։ Մեր կուսակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է ու որոշում ենք կայացնելու` ելնելով պետական անվտանգության, մարտահրավերներին հակազդելու ու ներքին կայունության նկատառումներից», — ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` ՀՀկ-ի առանձին անդամների հարցազրույցներն արտահայտում են նրանց անձնական կարծիքները, բայց ոչ կուսակցության դիրքորոշումը։ Շարմազանովը հույս հայտնեց, որ ՀՀԿ դաշինքի անդամները, որպես դաշինքի պատասխանատու անդամներ, կքվեարկեն այնպես, ինչպես այդ դաշինքը որոշի։
Հիշեցնենք, որ 1in.am լրատվականին տված հարցազրույցում պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել է, որ վարչապետի գործող պաշտոնակատար, ՀՀԿ-ի հնարավոր թեկնածու Կարեն Կարապետյանը խելացի մարդ է, որն այդպիսի հակասական իրավիճակում իշխանությունը պահելու համար ընտրությունների չի գնա։ Իսկ եթե գնա, ապա նա այսքան տարի նրան լավ չի ճանաչել։
Խորհրդարանականը նշել է նաև` քանի որ շարժման անդամները «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքներն են, ապա թեկնածուն կամ թեկնածուները պետք է այնտեղից լինեն, իսկ ՀՀԿ-ն միայն պետք է կարծիք հայտնի։