ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Լոս Անջելեսում 19-ամյա Հարի Նալբանդյանի մեքենայի վրա կրակել են Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ի երեկոյան ժամը 10։30-ի հատվածում Լոս Անջելեսի մայրուղի վրա։ Գնդակներն անցել են Հարիի քրոջից բառացիորեն մեկ միլիմետր հեռավորության վրա։
«Երբ ես գնում էի մայրուղով, կրակողի մեքենան հավասարվեց ինձ։ Նա իջեցրեց ապակին, մենք նայեցինք իրար, հետո նա սկսեց կրակել։ Կրակեց ութ անգամ», — պատմել է Նալբանդյանը ABC7-ին։
Ցավալի է, որ նման բան է տեղի ունեցել, երբ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հարին և նրա ընտանիքը միջադեպը կապում են մեքենայից ծածանվող հայկական դրոշի հետ։
«Դա ինձ վշտացնում է, որովհետև որոշ մարդիկ ոչինչ չգիտեն և չեն ուզում իմանալ ճշմարտությունն այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915թ-ին։ Ցավոք, մարդիկ չեն հասկանում, որ մեքենայի վրա ծածանվող հայկական դրոշը չի նշանակում, թե մենք ուզում ենք աչքի ընկնել կամ վատ վարքագիծ ենք դրսևորում», — ասել է Սերժ Նալբանդյանը` Հարիի եղբայրը։
Հարին ասել է, որ իրենք ողջ են մնացել միայն երջանիկ պատահականության շնորհիվ։
Հարին ու քույրը հայտնել են, որ կրակողը եղել է Honda CRV մակնիշի ավտոմեքենայում։